Էնտոնի Մագլիցա
Էնտոնի Մագլիցա | |
---|---|
Ծնվել է | 1930[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][3][4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար և դիզայներ |
Էնտոնի «Տոնի» Մագլիցա (խորվ.՝ Ante Maglica, 1930[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][3][4]), Mag Instrument Inc. ընկերության հիմնադիր և սեփականատեր, որն արտադրում է Maglite լապտերիկներ, ստանդարտ սարքավորում, որով հանդերձավորվում են ԱՄՆ-ի ոստիկանները[5][6]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնտոնի «Տոնի» Մագլիցան ծնվել է Նյու Յորքում, սակայն մեծացել է Զլարին կղզում, որը գտնվում է Խորվաթիայի ափերի մոտ։ Ամերիկյան Մեծ ճգնաժամի ժամանակ նրա ընտանիքը վերադարձավ հայրենիք, Խորվաթիա։ Քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկիրը «ամայացավ» 1950 թվականին Մագլիցան վերադարձավ Միացյալ նահանգներ և բնակություն հաստատեց Կալիֆորնիայի նահանգի Օնտարիո քաղաքում։ Այդ տարիներին նա մի քիչ տիրապետում էր անգլերենին և կարողացավ աշխատանք ստանալ, դառնալով մեքենավար։ Աշխատելով այդ վայրում՝ նա տեղեկանում է, որ իր ղեկավարներից մեկը զբաղվում է փոքրիկ օժանդակ բիզնեսով, հիդրավլիկ դետալների վերամշակմամբ։ Գրեթե պատահականորեն Տոնին տեղեկանում է 1000 դոլարով մետաղամշակման հաստոցի վաճառքի առաջարկի մասին և համոզում է տիրոջը, որ այն վաճառի 125 դոլար կանխավճարով, իսկ մնացած մասը մարել ամսական վճարումների միջոցով։
Այսպիսով սկսված բիզնեսը աստիճանաբար աճեց. նա բացեց սեփական խանութ, որը զբաղվում էր մեքենաների և սարքավորումների առևտրով, և այն 1974 թվականին դարձավ կորպորացիա «Mag Instrument Inc.» անվանումով։ Այդ պահին նա ծանոթացավ Կլեր Հալասի՝ իր ապագա գործընկերոջ և կյանքի ընկերոջ հետ, որին նա վարձել էր իր մեքենաների խանութը զարդարելու նպատակով։ Թեև նրանք երբեք չեն գրանցել իրենց ամուսնությունը, Կլերը մշտապես բնակվում էր նրա հետ և կրում նրա ազգանունը։ Կլերը ուներ երեք երեխա, երկու որդի՝ Ստիվենը և Քրիստոֆերը և դուստրը՝ Ջեկին, որը Տոնիին ճանաչում էր որպես խորթ հայր։
Ընտանեկան գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Mag Instruments Inc.-ի կողմից արտադրվող Maglite լապտերիկը հանրաճանաչ դարձավ, ընկերությունը աճեց և վերածվեց ընտանեկան բիզնեսի, որի գործերը կառավարում էր Տոնին, որպես նախագահ, Կլերը աշխատում էր մարքեթինգի, անձնակազմի կառավարման, և գնումների բաժնում, իսկ որդիները՝ Ստիվենը և Քրիստոֆերը, զբաղեցնում էին համապատասխանաբար փոխնախագահի և հետազոտությունների ու զարգացման գծով տնօրենի պաշտոնները։
1992 թվականին ընկերությունում «ցնցում տեղի ունեցավ», այն պահին, երբ Կլերը տեղեկացավ, որ Տոնին ցանկանում է իր մահից հետո ընկերությունը թողնել իր նախորդ ամուսնությունից ունեցած երեխաներին։ Սա դարձավ «դաժան ընտանեկան ճակատամարտի» սկիզբը, որը տևեց տասը տարուց ավելի և հանգեցրեց նրան, որ Կլերը և իր երեխաները հեռացան ընկերությունից, և Կլերը 200 միլիոն դոլարի հայց ներկայացրեց Տոնիի դեմ։ 1997 թվականին Կլերի որդիները հիմնադրեցին լապտերիկների արտադրության Bison Sportslights Inc սեփական ընկերությունը։
Դատական հայցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին տեղեկանալով Տոնիի պլանների մասին՝ Կլերը հայց ներկայացրեց Էնտոնի Մագլիցի դեմ՝ նրան մեղադրելով պայմանագրի խախտման, գործընկերության համաձայնագրի խախտման, խարդախության, մասնագիտական պարտավորությունների խախտման և մի շարք այլ հանցագործությունների համար՝ որպես վնասի փոխհատուցում պահանջելով 200 միլիոն դոլար։ Դատավարությունը իրականացվում էր երդվյալ ատենակալների դատարանի միջոցով, իսկ դատական գործընթացը հեռարձակվում էր Court TV (այսօր՝ truTV) հեռուստատեսությամբ և ուներ բարձր վարկանիշ։ Լսումների արդյունքում 1994 թվականի գարնանը Կլերը ստացավ 84 միլիոն ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում։
Այս որոշումը բողոքարկվեց Կալիֆորնիայի վերաքննիչ դատարան, որը 1998 թվականին վերացրեց նախորդ որոշումը և գործը վերադարձրեց դատարան։ Դատարանը հայտարարեց, որ արբիտրաժային որոշումը սխալ էր, քանի որ վնասը պետք է հաշվարկվեր որպես Կլերի ծառայությունների արժեք, այլ ոչ թե նրա ծառայություններից եկամտի գումար։ Գործը դատարան վերադարձնելուց հետո Կլերը 2000 թվականին համաձայնագիր կնքեց Mag Instrument Inc.-ի հետ 29 միլիոն դոլար գումար վճարելու վերաբերյալ։
Bison Sportslights Inc
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլերի որդիները Ստիվենը և Քրիստոֆերը ստիպված էին հեռանալ Mag Instrument-ից նրա ղեկավար Տոնի Մագլիցի հետ ունեցած «բարդ հարաբերությունների» պատճառով։ 1997 թվականին եղբայրները Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում հիմնադրեցին Bison Sportslights ընկերությունը, և սկսեցին զբաղվել լապտերների լուսային բծի կենտրոնում չլուսավորված հատվածի «սև անցքի» խնդիրների լուծման հարցերով։ Եղբայրները թողարկեցին մի արտադրանք, որում ցուցադրվեց «որոշակի արդյունավետություն» այս խնդրի լուծման հարցում։
Սակայն 2002 թվականին Mag Instrument-ը, Էնտոնի Մագլիցի գլխավորությամբ դատի տվեց Bison Sportslights-ին (գործ № CV-023187) առևտրային գաղտնիքը գաղտնազերծելու համար։ Bison Sportslights-ը պատասխանատվություն կրեց առևտրական գաղտնիքի կանխամտածված և չարամտորեն յուրացնելու, վստահությունը չարաշահելու, չարամիտ գովազդի և անազնիվ մրցակցության համար։ Mag Instrument-ը ստացավ 1,2 միլիոն դոլարի վնասի փոխհատուցում, իսկ Bison Sportslights-ը դուրս եկավ բիզնեսից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.croatianstory.com/pages/famous-people
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.today.com/id/38025260/ns/today-today_news/t/it-possible-be-all-american-company/
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.thestar.com.my/lifestyle/story.asp?sec=id%3D%22more_headlines_sec%22&file=/2013/6/3/lifefocus/13170234
- ↑ Lidwell, Manacsa, 2011, էջ 116
- ↑ Pederson, 2005, էջ 240-242
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- William Lidwell, Gerry Manacsa Deconstructing Product Design: Exploring the Form, Function, Usability, Sustainability, and Commercial Success of 100 Amazing Products. — London: Rockport Publishers, 2011. — ISBN 9781592537396
- International Directory of Company Histories / ed. Jay P. Pederson. — St. James Press, 2005. — Т. 67. — 688 с. — (International Directory of Company Histories). — ISBN 9781558625129